Հայերենում «հայրենիքը» բառացիորեն նշանակում է հայրերի երկիր:
Հայկական ավանդույթում հայրենիքի կատարյալ համարժեքն է «մեր պապերի երկիր» արտահայտությունը, որը սիրով ու հաճախակի օգտագործում ենք մեր բանավոր ու գրավոր խոսքում: Հրեական ավանդույթում հայենիքին որպես համազոր հոմանիշ գործածվում է «մեր հայրերի երկիրը»:
Կարելի է լեզվապատմական համեմատություն անել, թե հայրենահայացության ինչ նախապատվությունների արդյունք է նման տարբերությունը, բայց դա մեր այսօրվա խնդրից դուրս է:
ՈՒզում եմ մի պահ մեր ուշադրությունը սևեռենք մեր պապերի և նրանց հավատարիմ ուղեկից տատերի վրա՝ ներկա խստագույն համապատկերին:
Արցախում այսօր կեցության ծանր բեռն ամենադժվարն են տանում երեխաներն ու տարեցները:
Փառք Աստծո, մեր բոլոր երեխաները խնամքի տակ են՝ ծնողական, հարազատական, պետական և այլն:
Իսկ, ա՛յ, խնամքից դուրս մնացած բազմաթիվ տարեցներ կան, որոնց համար սոցիալական առկա բարդություններն ուղղակի մահացու են: Նրանք հաճախ միայնակ ու մոռացված մարդիկ են: Մեր տարեցները, իմա՝ մեր պապիկներն ու տատիկները, ամենախոցելի ու ամենաանպաշտպան խավն են հիմա, նրանք կայուն հոգատարության կարիք ունեն:
Նրանց սնել ու խնամել է պետք: ՈՒզում եմ հավատալ, որ գործող իրավասու մարմինները և սրտացավ մարդիկ անտերության չեն մատնում օգնության կարոտ տարեցներին: Նրանց նաև բարոյական աջակցություն է պետք:
Արտակարգ իրավիճակներում հարկ է կատարել նաև արտակարգ քայլեր՝ ծանր կացությունն արագ ու լիովին հաղթահարելու համար:
Եվ անել քայլեր, որոնք նույնիսկ կարող են անպատեհ թվալ, ոչ համահունչ օրվա տրամադրություններին:
Հենց այդպիսի մի «անպատեհ» բան եմ ուզում առաջակել, լիովին համոզված, որ գաղափարի իրագործման դեպքում մենք բարոյական լրացուցիչ լիցքեր ու խթան կստանանք:
Այսպես, Արցախի մեր օրենսդիրներին առաջարկում եմ պետական տոնացույցում ներառել նաև «Պապիկների ու տատիկների օր» , որ կարելի է նշել, ասենք, սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Բայց իրավական մանրամասների ճշտումը թողնենք օրենսդիրներին:
Եվ թող առաջին տոնակատարությունն անցկացվի «Պապիկ-Տատիկ» հուշակոթողի մոտ:
Որքան ինձ է հայտնի, նման օր չկա որևէ երկրի տոնացույցում: Կլինենք առաջինը: Այդպես կշեշտենք նաև մեր ինքնատիպությունն ու ավանդապահությունը:
Կցանկանայի, որ այս գաղափարը պաշտպանեին մեր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները, և նպաստեին այն կյանքի կոչելուն:
Մեր պապերն ու տատերը խորհրդանշում են մեր հայերնիքը, իսկ հայրենիքի և նրա կենդանի խորհրդանիշերի պատվին հատուկ օր նշանակելը երբեք ավելորդ ու անտեղի չի կարող լինել:
Ընդհակառակը, այն կպարտավորեցնի՝ միշտ հոգատար լինել մեր պապ-տատերի և հայրենիքի հանդեպ:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ